Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Թրամփի առաջին օրը՝ Obamacare, հայրենասիրության օր, Չերչիլի կիսանդրի, My way

Թրամփի առաջին օրը՝ Obamacare, հայրենասիրության օր, Չերչիլի կիսանդրի, My way
22.01.2017 | 09:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը ստորագրեց հրամանագիր, որ ընկալվեց իբրև Բարաք Օբամայի Obamacare անվանված բժշկական ապահովագրության համակարգի փոփոխության նախապատրաստություն: Նույն օրը նա Սենատ ուղարկեց իր վարչակազմի նշանակումների առաջարկները և ազգային նոր տոն առաջարկեց ու Օվալաձև աշխատասենյակ վերադարձրեց ՈՒինստոն Չերչիլի կիսանդրին: Սպիտակ տուն մտնելուց շատ առաջ էր Թրամփը որոշել, որ իր առաջին գործողությունները իբրև նախագահ լինելու են ուղիղ հրամանագրերը, որոնք Կոնգրեսի հաստատումը չեն պահանջում: Դա նրան թույլ կտա արագ քաղաքական միավորներ հավաքել իր ընտրողների առաջ՝ նախքան սկսելը իրոք բարդ ու դժվարին աշխատանքը՝ առավել կոնկրետ ու ծանրակշիռ փաստաթղթեր խորհրդարանի երկու պալատներում հաստատելու համար: Ինչպես Թվիթերում հայտարարեց Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը՝ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Հայրենասիրության ազգային տոն հիմնելու մասին: Առայժմ չի հաղորդվում, թե ինչով է այդ օրը տարբերվելու ազգային մյուս տոներից և օրացույցի ո՞ր օրն է լինելու:


Օբամայի բարեփոխումները
Իր նախընտրական խոստումներին համապատասխան՝ Դոնալդ Թրամփը մտադիր է հնարավորինս արագ չեղարկել Բարաք Օբամայի կատարած բարեփոխումը, որ բազում վեճերի տեղիք էր տվել: Նրա ստորագրած հրամանագիրն ուղղված է ոլորտային գերատեսչություններին և հանձնարարում է նրանց «նվազեցնել տնտեսական բեռը» ընկերությունների վրա, որ Օբամայի օրենքով ստիպված էին իրենց աշխատակիցների բուժապահովագրումը վճարել՝ պարզաբանել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուսը՝ առանց փակագծերը բացելու: 2010-ի առողջապահական բարեփոխումը, որ ստացավ ոչ պաշտոնական Obamacare անվանումը ենթադրում է չքավորների համար բուժապահովագրության լրավճարներ: Այդ բարեփոխման շնորհիվ հիմա բուժապահովագրություն ունեն 20 միլիոն ԱՄՆ քաղաքացիներ, եթե մինչև բարեփոխումը բուժապահովագրում ուներ ԱՄՆ քաղաքացիների 85 %-ը, հիմա՝ 91 %-ը: Նոր բուժապահովագրություն ստացողների մեծ մասը լրավճարներ ստանում են պետությունից: Որպեսզի պետական գանձարանը կարողանար գումարն ապահովել, Obamacare-ը պարտադրում էր բոլոր քաղաքացիներին բուժապահովագրություն ունենալ, հակառակ դեպքում նրանք տուգանք են վճարում՝ միջինը տարեկան 995 դոլար: Օրենքը 2010-ին ընդունեցին միայն դեմոկրատները, որ այդ ժամանակ Կոնգրեսում մեծամասնություն էին: Հանրապետականները, մեծամասնություն ստանալով Համայնքների պալատում, հետո նաև Սենատում բազմիցս քվեարկեցին օրենքը փոխելու օգտին, բայց չկարողացան հաղթահարել նախագահի վետոն: Առայժմ Թրամփը հանրապետականների համար անընդունելի օրենքին այլընտրանք չի առաջարկել: Բարաք Օբամայի հետ անձնական հանդիպումից հետո նա հայտարարեց, որ պատրաստ է պահպանել բուժապահովագրության համակարգի որոշ տարրեր:


Նոր աշխատակազմ
Դոնալդ Թրամփի ստորագրած երկրորդ փաստաթուղթը պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսին պաշտպանության նախարար նշանակելն էր՝ բացառության կարգով: Բացառությունը Մետիսի համար այն է, որ նրան պաշտոն են տալիս բանակից հեռանալուց յոթ տարի անց, որ արգելվում է ԱՄՆ օրենքով, սակայն Կոնգրեսի համաձայնությամբ կարող է բացառություն արվել: Եվս մեկ հրամանագրով Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելիին նշանակեց ներքին անվտանգության նախարար: Սենատը հաստատեց Ջեյմս Մետիսի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում, Քելիին ևս սենատորները հաստատեցին, երկու նախարարները արդեն երդում են տվել: Ջեյմս Մետիսը առաջին կադրային զինվորականն է Պենտագոնի ղեկին կես դարից ավելի ժամանակահատվածում: Թրամփը Սենատ ուղարկեց իր աշխատակազմի այլ պաշտոնաների նշանակումները ևս: Ցուցակում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի, ՉԺՀ դեսպանի, միջազգային ֆինանսական ինտիտուտներում ներկայացուցիչների թեկնածուները:


Խառնաշփոթ կիսանդրիներով
Օվալաձև աշխատասենյակում մամուլի այցի ժամանակ Time-ի լրագրող Զիկ Միլլերը նկատեց, որ անհետացել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Կինգ կրտսերի կիսանդրին, որով Բարաք Օբաման իր պաշտոնավարման ընթացքում փոխարինել էր բրիտանացի լեգենդար վարչապետ ՈՒինստոն Չերչիլի կիսանդրուն: Ջորջ Բուշ կրտսերին Բրիտանիայի իշխանությունները կիսանդրին նվիրել էին 2001-ին և լրագրողը վարչապետին տեսել էր իր նախկին տեղում: Զիկ Միլերը կիսանդրիափոխության մասին գրել էր Թվիթերում և շատ արագ Թրամփի վրա տեղացին ռասիզմի մեղադրանքներ: Սակայն պարզվեց, որ Կինգը ոչ մի տեղ չի անհետացել: Ինչպես հետո գրեց Միլլերը՝ ինքը պարզապես չէր նկատել նրա կիսանդրին, որ «ծածկել էին դուռը և անվտանգության աշխատակիցը»: Հիմա Կինգն ու Չերչիլը հարևաններ են Օվալաձև աշխատասենյակում:
Բարբարա ՊԵՏ-ԱՇԵՐ, BBC


Հ.Գ. Նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային առաջին օրվա տպավորությունները տպավորիչ երդմնակալությունը, անձրևը, Ազատության պարահանդեսում առաջին տիկին Մելանի Թրամփի հետ Ֆրենկ Սինատրայի My way-ի տակ պարելը չէր միայն: Երգը հաստատ հատուկ ընտրված էր՝
Ինչո՞ւ սպասեմ՝ ասելու համար,
Որ իմ ցանկացածն եմ ես արել:
ԱՄՆ-ում ավարտվեց Բարաք Օբամայի դարաշրջանն ու սկսվեց Դոնալդ Թրամփինը: Նա վերջին տասնամյակների նախագահի միակ թեկնածուն է, որ հայ համայնքին խոստումներ չի տվել, բայց հայ համայնքը հույս ունի, որ պաշտոնավարման ընթացքում նա հայկական թեմատիկայից չի խուսափելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ